Գերմանիայի նախագահ Գաուկը 1915թ. հայերի կոտորածներն անվանել է Ցեղասպանություն

19:55, 23 Ապրիլ, 2015

ԲԵՌԼԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության համար նախապես տարածված ելույթում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը: «Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատվություն»,-ասել է Գաուկը:  

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին, Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ կսկսվի Բունդեսթագի լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեասոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:

Գերմանիան նախկինում ընդունած հատուկ բանաձեւով դատապարտել էր 1915-ի իրադարձությունները` խուսափելով, սակայն, օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: 


© 2009 ARMENPRESS.am