Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում կներկայացվեն Միլլերի հավաքածուի հայկական եզակի ցուցանմուշներ

19:02, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում գտնվող՝ Ռուսաստանի ազգագրության թանգարանում ապրիլի 27-ին կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդես և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ: 

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը կներկայացվի նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգևոր մշա­կույթի` քրիստոնեության բաժինը: 

«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում կներկայացվի ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն:


© 2009 ARMENPRESS.am