ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք»-ի նախագահին

17:46, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ապրիլի 21-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, նախարարը ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂՀ՝ Արցախի և Եվրոպայի միջև կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:

Կարեն Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդության շահերը խթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենց բնակության երկրի կարգավիճակից:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am