«Լույս Մարի. Ձոն ուրախության» ներկայացումը կբեմադրվի Մոսկվայի Վիսոցկու թատերական կենտրոնում

22:10, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Վիսոցկու թատերական կենտրոնում Մոսկվայի հայկական թատրոնը կբեմադրի «Լույս Մարի. Ձոն ուրախության» ներկայացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության պաշտոնական էջը, ապրիլի 21-ին կայանալիք ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ներկայացումը պատմում է մի աղջկա պատմություն, ով Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր բոլոր հարազատներին, սակայն շարունակում է ապրել և ուրախություն պարգևել շրջապատի մարդկանց: Ներկայացման հեղինակների նկարագրմամբ. «Սա կատակերգություն չէ, սակայն այստեղ կարող ես ժպտալ: Ներկայացումը ողբերգություն չէ, սակայն այնտեղ կան հուզիչ պահեր»:

Ներկայացման գործողությունները ծավալվում են Ամերիկայում, ուր փոքրիկ Մարին տեղափոխվում է իր հարուստ բարեկամուհու մոտ:

Ներկայացումն արդեն արժանացել է «Զոլոտոյ Վիտյազ» Միջազգային թատերական փառատոնի արծաթե դափնեկրի կոչման, բարձր է գնահատվել ազգային թատրոնների «Մոսկվա՝ աշխարհի քաղաք» և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնների կողմից, պարգեւատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի ոսկե մեդալով:


© 2009 ARMENPRESS.am