Փարիզի Շատլե թատրոնում ցեղասպանության տարելիցին նվիրված համերգը հնարավոր կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ

22:08, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Շատլե թատրոնում ապրիլի 21-ին կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգ կանցկացվի: Հայ հանդիսատեսն այդ պատմական համերգն ուղիղ հեռարձակմամբ դիտելու կունենա: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին ժամը 21:30-ին Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի այդ համերգային երեկոն:

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013 թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝հատուկ այս կապակցությամբ գրված ստեղծագործությունը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը համերգին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ցեղասպանության տարելիցին նվիրված այս համերգը մեծ նշանակություն ունի:

«Այն լավագույնս հարգանքի տուրք է մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Շատլեն հնագույն փարիզյան թատերական հարթակներից է: Հիսուն տարբեր բարձրակարգ հայ երաժիշտներ են մասնակցում այս երեկոյին: Կարծում եմ, որ այն ստեղծագործությունները, որոնք կատարվելու են, լայն ձևով կներկայացնեն հանրությանը թե՛ հայ դասականների, թե՛ երիտասարդ, թե՛ համաշխարհային կոմպոզիտորների գործերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արև Սամուելյանը՝ կարևորելով ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունը:

Համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը և «Գյուլբենկյան» երգչախումբը: Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի, Կոմիտասի, Մոցարտի, Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Հասմիկ Պապյանը, Վահան Մարտիրոսյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գզավիե Ֆիլիպսը, Նորա Գուբիշը, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կարևորեց այն փաստը, որ համերգն անցկացվում է երկու նախագահների հովանու ներքո:

«Բացառիկ միջոցառում է. առաջին անգամ տեխնիկական լուծում ենք գտել ՝ ներկայացնելու Փարիզում անցկացվող միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ: Հույս ունենք, որ եղանակը լավ կլինի»,-նշեց նա: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը կարևորեց այն փաստը, որ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի գործը հնչելու է այդ երեկոյի ընթացքում: «Դրանով մենք ցույց կտանք, որ հայերն ապագա ունեն: Հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի և խնդիր չենք ունենա: Գերազանց համերգ պետք է լինի »,-հավելեց Ժան-Միշել Գասպարյանը:


© 2009 ARMENPRESS.am