«Վերակերտում» ցուցահանդեսում կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները

21:08, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր` Ա. Աբրահամյանի հավաքածու) ապրիլի 21-ին կբացվի «Վերակերտում» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կներկայացվի «Արեգնազան» կրթահամալիրի սաների գեղանկարչական, գրաֆիկական, քարերի նկարազարդումների, վիտրաժի` շուրջ 70 աշխատանք: «Արեգնազան» կրթահամալիրը հայտնի է որպես «Վալդորֆյան դպրոց», որտեղ կրթվում են ոչ միայն դասագրքերով այլև` սեփական փորձի ակտիվ ներդրմամբ:  

Ցուցադրության կազմակերպիչները հնարավորինս խուսափել են պարզունակ, «թեմատիկ» մոտեցումներից: Ստեղծագործություններն անվերնագիր են. դրանք երեխաների ազատ ընկալումներն են, զգացողությունները, գեղագիտական վերարտադրումները: Այստեղ կարելի է տեսնել գույների հրավառություն, ապակուն պատկերված նկարներ, միագույն փորագիր գրաֆիկական գործեր, նկարազարդ խճաքարեր, որոնք արեգնազանցիների կերպարվեստի տեխնիկայի ու ոճի մաս են կազմում:


© 2009 ARMENPRESS.am