Գյումրիում տնկվել է խորհրդանշական 100 ծառ՝ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի
16:20, 18 Ապրիլ, 2015ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ իրականացվեց խորհրդանշական ծառատունկ: Բագրատունյաց պուրակում ապրիլի 18-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները` քաղաքապետի գլխավորությամբ, տնկեցին 100 ծառ ի նշան Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Դրանք բոլորը դեկորատիվ տնկիներ էին՝ տուաներ: Այդ տնկիների հետագա պահպանությունը կիրականացնի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ի դեպ, տարածքը, որը ժամանակին եղել է գյումրեցիների սիրված վայրը, կրկին բարեկագրվել ու ասֆալտապատվել է, տարածքից հեռացվել են սպասարկման օբյեկտները, վերականգնվել է ջրահեռացման համակարգը:
Տարածքում տեղադրվել է նաև ցեղասպանությանը նվիրված Ֆրիդ Սողոյանի «Վերածնունդ» հուշակոթողը, որի բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին:
«Այգում ավելի քան 1 տարի պահանջվեց ստորգետնյա ջրերի խնդիրը լուծելու համար, ինչի հետևանքով տարածքը ճահճացման էր գնում: Մեզ հաջողվեց այդ հարցը լուծել, բայց աշխատանքները կշարունակվեն, կտեղադրվեն նաև խաղեր, նստարաններ, որպեսզի և՛ մեծերը, և՛ փոքրերը լավ ժամանակ կարողանան անցկացնել: Գյումրեցիներին ենք «վերադարձնում» իրենց սիրված այգին»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am