Հայերի գենոֆոնդը նախորդ երեք հազարամյակների ընթացքում խառնակում չի ունեցել. ԳԱԱ

14:47, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները ցույց են տվել, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայից, համաձայն նորագույն տվյալների, հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքներն առաջին անգամ կներկայացվեն ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում՝ «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսի ժամանակ: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:


© 2009 ARMENPRESS.am