Քուվեյթում անցկացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

22:46, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ապրիլի 16-ին ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մասնակցել է Քուվեյթի հայ Ազգային վարժարանում տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, Քուվեյթի հայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել գերապատիվ Տեր Մասիս Զոփույանը, ով իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանությանն ու անձամբ դեսպանին` մշտապես հայ համայնքի կողքին գտվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Այնուհետև ասմունքի և երգեցողության անհատական ու խմբային ելույթներով հանդես են եկել դպրոցի տարբեր տարիքի սաները, հնչել են ազգային-հայրենասիրական երգեր, հատվածներ հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից:

Միջոցառման մասնակիցները, դեսպան Չարչօղլյանի և ծայրագույն Վարդապետ Զոփույանի առաջնորդությամբ, ծաղիկներ են զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական անշեջ կրակի մոտ, որին հետևել է մոմավառության արարողություն: 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am