Քուվեյթի Հայ ազգային վարժարանում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

14:13, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ապրիլի 16-ին մասնակցել է Քուվեյթի Հայ ազգային վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու Քուվեյթի թեմի առաջնորդ Մասիս ծայրագույն վարդապետ Զոփույանը, Քուվեյթի հայ ազգային կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից, միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել Գերապատիվ Տեր Մասիս Զոփույանը, ով իր ելույթում ընդգծել է համայն հայության հայրենիքի` Հայաստանի Հանրապետության` անկախ և հզոր պետություն լինելու փաստը, ինչպես նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանությանն ու անձամբ դեսպանին` մշտապես հայ համայնքի կողքին գտվելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Բացման խոսքին հետևել են դպրոցի տարբեր տարիքի սաների` ասմունքի և երգեցողության անհատական ու խմբային ելույթները, հնչել են հայրենասիրական և ազգային երգեր, հատվածներ հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից:

Միջոցառման մասնակիցները` ՀՀ դեսպան Չարչօղլանի և Ծայրագույն վարդապետ Զոփույանի առաջնորդությամբ ծաղիկներ են զետեղել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական «անշեջ կրակի» մոտ, որին հետևել է մոմավառության արարողությունը և աղոթքը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:


© 2009 ARMENPRESS.am