Ամերիկահայ պրոֆեսորը Վատիկանում կայանալիք պատարագը համարում է Թուրքիային ուղղված մի նոր «ապտակ»

17:21, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մատուցվող պատարագը մի նոր «ապտակ» է Թուրքիային:  «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը: Հայազգի պրոֆեսորի գնահատմամբˋ Վատիկանում կայանալիք արարողությունը մեծ հնչեղություն և նշանակություն կստանա:

«Հռոմի Պապը հոգևոր առաջնորդ է, սակայն նրա այս քայլը ոչ միայն հոգևոր, այլ նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- պարզաբանեց Շեմմասյանը:

Նա ծիծաղելի համարեց Թուրքիայի Նախագահ Էրդողանի որոշումըˋ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշել ապրիլի 24-ին, և հավելեց, որ վաղ թե ուշ այդ երկիրը ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայանալիք արարողություններին, ապա ամերիկահայ պորֆեսորը ասաց, որ դրանք սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանում տեղի կունենա միջեկեղեցական հոգեհանգստյան արարողություն: Բացի այդ, նախատեսվում է «Արդարության երթ»ˋ մեծ թվով հայերի մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կշարունակվեն նաև ապրիլի 25-ինˋ ԱՄՆ տարբեր քաղաքներում:


© 2009 ARMENPRESS.am