Արցախ այցելած ամերիկացի լրագրողը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»

14:56, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան New York Times պարբերականի լրագրող Սեթ Կուգելը հայտնվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը:

Նա իր դժգոհությունն է հայտնել Արցախի վերաբերյալ ամերիկացի լրագրողի պատրաստած հոդվածի առնչությամբ` նշելով, թե այնտեղ «իրականությունը ներկայացվել է խեղաթյուրված տեսքով»: 

Սեթ Կուգելի` ամերիկյան հեղինակավոր պարբերականում հրապարակված հոդվածը կրում է «Ջերմ ընդունելություն Կովկասյան լեռներում» խորագիրը: Հեղինակը պատմում է պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում բնակչության կենսակերպի մասին` ընդգծելով, որ թեպետ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, այդուհանդերձ այն զբոսաշրջային մեծ ներուժ ունի ու զբոսաշրջիկների համար համարվում է անվտանգ տարածք:


© 2009 ARMENPRESS.am