«Բուկինիստ» գրախանութից գողացել են շուրջ 297 հազար դրամի գիրք

20:02, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական ծառայության լրատվական բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Հովհաննիսյանը մի քանի օր շարունակ տարբեր ժամերի իբրև հաճախորդ գնացել է Մաշտոցի 20 հասցեում գտնվող, «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութ  եւ գաղտնի հափշտակել ընդհանուր առմամբ 77 հատոր տարբեր տեսակի գրքեր։ Գողացված գրքերը գնահատվել են 296 հազար 704,21 դրամ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (5 դրվագ): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել  է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 


© 2009 ARMENPRESS.am