ԱՄՆ Քորնելի համալսարանում կհիշատակեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

11:51, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժշտությունը կհնչի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Քորնել համալսարանում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ithaca Journal պարբերականը, ապրիլի 8-ին կայանալիք համերգի կազմակերպիչներն են Crossing Borders LIVE կազմակերպությունը և Քորնել համալսարանի հայ ուսանողական կազմակերպությունը:

Համերգին ելույթ կունենան Սան Ֆրանցիսկոյում բնակվող երգահան և դաշնակահարուհի Լուսինե Նալբանդյանը և դաշնակահար-կոմպոզիտոր Մայքլ Սթարքը, նաև մասնակցություն կունենան հայաստանցի Աննա Սրապիոնյանը, Գնել Գաբրիելյանը, Մանե Մեհրաբյանը և այլոք:

Համերգի ընթացքում տեղի կունենա դասախոսություն հայ ավանդական երաժշտության, լեզվի և պոեզիայի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և դրա ժխտման քաղաքականության վերաբերյալ:  

Իտակա քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումները չեն սահմանափակվելու այս համերգով: Համերգին կնախորդի Ֆաթմա Մյուգ Գոչեկի «Բռնության ժխտումը» խոորագրով դասախոսությունը: Ինչպես նաև տեղի Թոմփքինս հանրային գրադարանում ապրիլի 20-ից և Մանն գրադարանում ապրիլի 24-ի ողջ ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, կներկայացվեն հայ մշակույթն ու Հայոց ցեղասպանության պատմությունը:

Լուսանկարը` Wikimedia


© 2009 ARMENPRESS.am