Ընդդիմադիր դաշտը պետք է փորձի վերածնվել. Սերգեյ Մինասյան

13:38, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վստահ է, որ այս անգամ աշունը լինելու է թեժ, եւ քաղաքական զարգացումները հաջորդելու են միմյանց: Մինասյանի գնահատմամբ, քաղաքական ուժերը մինչեւ աշուն ներքաղաքական կյանքը կփորձեն հարմարեցնել  նոր իրականությանը, որ ստեղծվել է ԲՀԿ նախագահի հրաժարականից հետո, եւ կպատրաստվեն ընտրություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մինասյանը նշում է, որ առաջիկա ամիսներին բոլոր զարգացումները կկապվեն ԲՀԿ-ի հետ, եւ քիչ թե շատ հանդարտ իրավիճակ կլինի:

«Առաջիկա ամիսներին կունենանք հանդարտ ներքաղաքական իրավիճակ, բոլոր զարգացումները կունենան միայն տեխնիկական նշանակություն: Այն, որ ընդդիմադիր դաշտում կլինեն զարգացումներ` անխուսափելի  է, քանի որ երկրում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, աշխարհաքաղաքական զարգացումներ: Հայ հասարակությունում կան նյարդայնություն, չափազանց լուրջ մտահոգիչ սոցիալ-տնտեսական զարգացումներ՝ պայմանավորված ՌԴ-Արեւմուտք հարաբերություններով, եւ այս ամենն, անշուշտ, իր ազդեցությունը կարող է ունենալ»: Քաղաքագետի խոսքով, ներկա դրությամբ ֆորմալ ընդդիմադիր դաշտը շոկային իրավիճակում է եւ առաջիկա ամիսներին այս կամ այն ձեւով փորձելու է վերածնվել:


© 2009 ARMENPRESS.am