Հայաստանում որևէ մեկին չի կարող ուրախացնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը. Լևոն Մարտիրոսյան

13:05, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտված մտահոգությունը որոշակի ուղերձ էր Ռուսաստանի համար:

Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: «Իհարկե, մեր ռուս գործընկերների իրավունքն է այս կամ այն երկրին զենք վաճառել, սակայն մենք էլ մեր հերթին մտահոգություն հայտնելու իրավունք ունենք՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, քանի որ այդ զենքից սպանվում է մեր զինվորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ Հաաստանում որևէ մեկին չի կարող ուրախացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: «Բայց, միևնույն ժամանակ, մենք այդ երևույթի դեմն առնելու իրավունք, ըստ էության, չունենք: Դա Ռուսաստանի գործն է, իսկ մենք միայն կարող ենք տարբեր մակարդակներով մեր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ, ինչն էլ արվում է տարբեր, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Ասուլիսին մասնակից մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ևս նշեց, որ անընդունելի է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի իր ռազմավարական դաշնակցի հակառակորդ պետությանը: Նրա խոսքով՝ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է նպաստեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և չդիմեն հակամարտությունը սրող քայլերի:

 «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա-համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին: «Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով»,- նշել է Սերժ Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am