Էրդողանը մեկնում է Իրան

11:44, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի Իրան կատարելիք պաշտոնական այցի ժամկետը ճշտվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը Իրան կայցելի ապրիլի 6-7-ին:

Եմենում զարգացումների հետ կապված` Իրանի դեմ Անկարայից հնչած քննադատությունները նախապես ծրագրված այդ այցի վերաբերյալ մի շարք հարցեր առաջանալու պատճառ էին դարձել: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Իրանը պետք է դադարի օժանդակել Եմենում շիա ապստամբ հուսիներին, ահաբեկիչների հետ միասին դուրս գա Եմենից, եւ նշել, որ Անկարան աջակցում է տեղի ունեցող իրադարձություններին արաբական կոալիցիայի միջամտությանը:

Էրդողանի այդ հայտարարությունը երկու երկրների միջեւ լարվածություն առաջանալու պատճառ էր հանդիսացել: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրը հայտարարել էր, որ լավ կլինի Էրդողանը հետաձգի Իրան ծրագրած այցը, քանի որ այն որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի:

«Իրանի դեմ հնչեցրած հայտարարությունից հետո Էրդողանի Թեհրան այցը որեւէ դրական արդյունք չի ունենա: Այդ պատճառով էլ այդ այցը պետք է հետաձգվի», -ասել էր նա:


© 2009 ARMENPRESS.am