ՀՑԹԻ-ին պատրաստակամ է Թուրքիայում ցուցահանդես անցկացնելու հարցում

18:57, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պաշտոնական հրավերի դեպքում պատրաստակամորեն ցուցահանդես կիրականացնի Թուրքիայում: Նման կարծիք մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: 

«Անցած տարի մեզ մոտեցան թուրքական ակադեմիական շրջականկերի` ոչ ժխտողական քաղաքականության կողմնակից  ներկայացուցիչներ: Բանակցություններ սկսվեցին Ստամբուլում երկու ցուցադրություն իրականացնելու համար: Մենք սիրով պատրաստ ենք Թուրքիայում ներկայացնելու ցուցադրություն, սակայն սպասում ենք ազդանշանին, որ կա սրահ, ապահովվում է ցուցադրությունն ուղեկցող մեր աշխատակցի անվտանգությունը», - շեշտեց Հայկ Դեմոյանը:

Խոսքը «Հայկական սպորտային և մարմնակրթական կյանքը Օսմանյան Կայսրությունում» և «Հայ զինվորականությունը Օսմանյան Կայսրությունում. ծառայություն և ոչնչացում» ցուցադրությունների մասին է:

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան Կայսրությունում» ալբոմ-մենագրությունը հայերենով տպագրվել է 2009 թ., այն անդրադառնում է Օսմանյան Կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, Հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ մարզիկներին:

«Հայ զինվորականությունը Օսմանյան Կայսրությունում. ծառայություն և ոչնչացում» ցուցադրությունը թանգարան-ինստիտուտը ներկայացնում է առցանց:


© 2009 ARMENPRESS.am