Գաբրիել Ղազարյանն ու Իրինա Ռոդնինան քննարկել են Երևանում գեղասահքի դպրոցի կառուցմանն առնչվող հարցեր

15:57, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մարտի 30-ին ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ:

Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են նախարարությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, մասսայականացման և քարոզչության ուղղությամբ: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հարավային երկիր է, հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ ավանդաբար մնում է շատ բարձր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում գեղասահքի նոր դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող հարցեր: Իրինա Ռոդնինան ուրախությամբ տեղեկացրել է, որ մարզադպրոց ունենալու երազանքը, որը չիրականացավ իր հայրենիքում, կյանքի է կոչվում Հայաստանում: Լեգենդար մարզուհին նշել է, որ սերտորեն համագործակցելու է մարզադպրոցում աշխատող մարզիչների հետ, որոնք էլ իրենց հերթին մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատանի մարզիկներին են փոխանցելու իրենց հմտությունները: «Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհին հայտնի է նաև իր լեգենդար մարզիկներով»,- ասել է Իրինա Ռոդնինան:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Անանյանը, նախարարի խորհրդականներ Տ. Միքայելյանը, Հ. Ղուկասյանը, Վ. Հովհաննիսյանը, ինչպես նաև մոսկվաբնակ վաստակաշատ մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արտուշ Կասեմյանը:   


© 2009 ARMENPRESS.am