Դամասկոսում և Քեսաբում պատարագ է մատուցվել Ծաղկազարդի տոնի առիթով

12:54, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկազարդի տոնին Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել: Պատարագի ավարտին Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը հանդես է եկել օրվա խորհուրդի մասին քարոզով:

 Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատարագից հետո տեղի է ունեցել երեխաների օրհնության արարողություն, որին մասնակցել են մեծ թվով հավատացյալներ և երեխաներ:

Պատարագին նաև մասնակցել է Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը:

Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը բոլորին մաղթել է առողջություն, խաղաղ, հաջողությամբ և հավատքով լեցուն ապագա:

Մանուկների օրհնությունից հետո հայրենասիրական և ազգային երգերով հանդես է եկել Դամասկոսի Հ.Մ.Մ. նվագախումբը:

Ծաղկազարդը նշվել է նաև Քեսաբի հայկական եկեղեցիներում:


© 2009 ARMENPRESS.am