Ադրբեջանը շարունակում է աղտոտել Կասպից ծովը

22:14, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի «Նավթային քարեր» հանքահորերից մարտի 23-ից մինչ օրս նավթի արտահոսքը շարունակվում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը, Facebook-ի իր էջում գրառել է Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն: 

««Նավթային քարերում» մարտի 23-ից սկսված նավթի արտահոսքը մինչ օրս շարունակվում է: SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հարգելի ներկայացուցիչներ, ինչ է, ձեր Նովրուզը դեռ չի՞ ավարտվել», - գրել է նա:

Իրավապաշտպանը դեպքի վայրում նավթի հոսքի առկայությունն ապացուցող լուսանկարներ էլ է հրապարակել: 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մարտի 21-ին Կասպից ծովում BP-Azerbaijan ընկերության նավթահորից մոտ 100 տ նավթ եւ քիմիական նյութեր են թափվել ծով: Այդ տեղեկությունը հաստատել էր նաեւ BP-Azerbaijan-ի մամուլի քարտուղարը: 


© 2009 ARMENPRESS.am