Հրանուշ Հակոբյանն Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցում կմասնակցի Ծաղկազարդի արարողությանը

17:42, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ավստրալիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Հայաստան վերադարձի ճանապարհին նախարարը Աբու Դաբիում հանդիպել և զրուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հետ:

Երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարը Աբու Դաբիի նորակառույց Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցելու է Ծաղկազարդի արարողությանը և պատարագին, որը կմատուցի Դպրեվանքի տեսուչ Տ. Թորգոմ Վարդապետ Տոնոյանը: Արարողությունը տեղի կունենա  ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանի հանդիսապետությամբ:

Պատարագի ավարտից հետո ծաղկեպսակ կդրվի եկեղեցու տարածքում նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա Աբու Դաբիի Առաջնորդարանում տեղի կունենա նախարարի հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am