Օլանդի հովանու ներքո Փարիզում մեկնարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը

13:06, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո Փարիզում տեղի է ունենում «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ. հետազոտության հարյուր տարի» խորագրով մեծ գիտաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, գիտաժողովը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հայկական սփյուռքի կազմակերպած միջոցառումների շարքում է, որն անց է կացվում Սորբոնի համալսարանում: Գիտաժողովին մասնակցում են տարբեր գիտնականներ, այդ թվում և թուրքեր` Ահմեդ Ինսելը, Ալի Բայրամօղլուն, Այհան Աքթարը, Ռագըփ Զարաքոլուն, Համիդ Բոզասլանը և այլք:

Գիտաժողովի բացմանը ներիկա են եղել Ֆրանսիայի կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, խորհրդարանականներ, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության  եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Բացման օրը խոսքով հանդես եկած Վալո-Բելկասեմը նշել է, որ իթթիհաթական վարչակարգը համակարգված կերպով հայերի ոչնչացումն իրականացրել է միայն նրանց ինքնության պատճառով: Հիշատակելով նախորդ դարասկզբին մահացած հայ մտավորականներ Դանիել Վարուժանին և Կոմիտասին` Ֆրանսիայի կրթության նախարարն ընդգծել է, որ գիտությունը կարևոր միջոց է ցեղասպանությունների ճանաչման համար: Ասելով, որ Հայոց ցեղասպանության հարցը ներառված է ֆրանսիական դասագրքերում` նախարարը ելույթի վերջում հիշեցրել է, որ ապրիլին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ժամանելու է Երևան:

Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը մեկնարկել է մարտի 25-ին: Այն կտևի երեք օր և կավարտվի մարտի 28-ին:

Օլանդի հովանու ներքո Փարիզում մեկնարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը

Գիտաժողովը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հայկական սփյուռքի կազմակերպած միջոցառումների շարքում է, որն անց է կացվում Սորբոնի համալսարանում:


© 2009 ARMENPRESS.am