Բերձորում կհիմնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ

19:15, 26 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի շուրջ 100 ուսանողներ մարտի 27-29-ը կայցելեն Արցախ: Միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն:

Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը: Հիմնական բանախոսն է լինելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Արցախյան եռօրյա այցելությունը կազմակերպում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը: Միջոցառմանը կմասնակցնեն Մայր բուհի տարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Համալսարանականները կայցելեն նաև Գանձասար:


© 2009 ARMENPRESS.am