Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերը շոշափելի արդյունքներ են խոստանում

16:39, 26 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը, որն իր աշխատանքները մեկնարկեց նախորդ տարեվերջին, արդեն գրանցել է առաջին արդյունքները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատրյանը հայտնեց, որ իրենց թիրախային ուղղություններն են արտահանման և ներդրումների խթանումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը: «Գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն շուրջ 2 տասնյակ միջոցառումներ ենք իրականացրել, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում: Հատկապես կարևորում եմ շվեյցարական «Ազադ» դեղագործական ընկերության հետ իրականացվող ներդրումային ծրագիրը, որի մեկնարկը տվեցինք մոտ 1 շաբաթ առաջ: Ընկերությունը մոտակա տարիների ընթացքում կատարելու է 10-15 մլն եվրո ներդրում` ստեղծելով  դեղագործական լաբորատորիա, ապա նաև գործարան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խաչատրյանը:

Նա առանձնացրեց նաև Ռուսաստանում կազմակերպված «ՊրոդԷքսպո» սննդամթերքի ցուցահանդեսին հայ արտադրողների մասնակցությունը` նշելով, որ տարբեր անվանակարգերում արտադրանքներն արժանացել են 6 ոսկե և 2 արծաթե մեդալների: «Այնտեղ կնքված պայմանագրերի ծավալներից ելնելով` կանխատեսում ենք, որ մեծ ընկերությունների արտահանման ծավալները կաճեն մոտ 10 տոկոսով, փոքր ընկերություններինը` մոտ 35 տոկոսով»,- հավելեց նա:

Արման Խաչատրյանը նաև խոսեց հայկական միասնական բրենդի ստեղծման մասին տեքստիլ արտադրության ոլորտում:  «Հագուստի արտադրությամբ զբաղվողները այսուհետ մեկ միասնական բրենդով կներկայանան շուկայում, ինչը թույլ կտա ավելի ճանաչելի դառնալ և ավելացնել արտահանումը»,- ասաց նա:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ` Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միավորման արդյունքում ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Գործադիրի հիմնավորմամբ՝ այս որոշման ընդունումը թույլ է տալու առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները: Հիմնադրամի շահառուներ են միջազգային կազմակերպությունները, ՀՀ եւ օտարերկրյա առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ քաղաքացիները:


© 2009 ARMENPRESS.am