Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու հարց այս պահին չկա

16:44, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական մանդատի հետ որևէ խնդիր չի կարող լինել: ԲՀԿ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե որտեղից է ապատեղեկատվությունը՝ կապված Ծառուկյանին մանդատի հետ: «Ես՝ որպես Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար, օրենքով սահմանված կարգով պարբերաբար Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել եմ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ տեղեկանքներ, որոնք Ազգային ժողովի նախագահի կողմից համարվել են հարգելի: Այնպես որ, ինձ համար անհասկանալի է, թե որտեղից է ծագել Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ նման խնդիր այս պահին չկա:

Անդրադառնալով կուսակցությունը լքող պատգամավորների վերաբերյալ հարցին, Զոհրաբյանն ընդգծեց, որ բոլորն արդեն տեղյակ են, թե ովքեր են հեռացել: «Կլինե՞ն նոր հեռացոնղեր, այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Վարդան Օսկանյանն արդեն կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել: Նա պատգամավորական մանդատը վայր չի դնելու: Կարծում եմ, որ Վարդան Օսկանյանը կանի հայտարարություն, և դուք կստանաք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ կուսակցությունում բոլորը ցանկանում են, որ Վարդան Օսկանյանը մնա: «Դա բոլորի կարծիքն է, սակայն Վարդան Օսկանյանն ինքը պետք է որոշի իր հետագա քայլերը»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Նա ևս մեկ անգամ լրագրողներին կոչ արեց ԲՀԿ-ից հապճեպ քայլեր չակնկալել՝ ընդգծելով, որ կուսակցությունը իր հետագա մարտավարությունը մշակելու խնդիր ունի, ինչի համար ժամանակ է հարկավոր:


© 2009 ARMENPRESS.am