Amnesty International-ը մտահոգ է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ֆոնին եվրոպական խաղեր անցկացնելու առնչությամբ

09:52, 4 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառնալիքները, ֆիզիկական բռնությունը և կառավարության քննադատների բանտարկությունը դարձել են Ադրբեջանի ղեկավարության այցեքարտը այն պարագայում, երբ երկիրը պատրաստվում է հյուրընկալել առաջին Եվրոպական խաղերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշել է, որ ոչ մեկին չպետք է շփոթմունքի մեջ գցի Ադրբեջանի կողմից կազմակերպվող միջազգային շոուի փայլը: «Այդ երկրի իշխանությունները Եվրոպայում ամենառեպրեսիվներից են և անկասկած կլինեին մեդալների պատվո պատվանդանին, եթե մրցանակները հանձնվեին ըստ ճաղերի հետևում հաստատված ակտիվիստների և իրավապաշտպանների քանակի»,- հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Amnesty Internationa-ի տնօրեն Ջոլ Դալհույսենը: Նա փաստել է, որ ադրբեջանական բանտերում փակված է մոտ 22 քաղբանտարկյալ, ովքեր սպասում են իրենց դատական գործի քննությանը:

«Վերջին ձերբակալությունները փաստացիորեն անդամալույծ են արել քաղաքացիական հասարակությանը և փակել են խոսքի ազատության ճանապարհը»,- արձանագրել է Դալհույսենը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ հիշատակումներ կան իրավապաշտպան Լեյլա Յունուսի, լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունների և նրանց դեմ հարուցված անհիմն գործերի վերաբերյալ:

«Միջազգային հանրությունը, ուշադրություն դարձնելով Ադրբեջանի նավթադոլարներին, զարմանալիորեն լուռ է երկրի ճնշող բնույթ ունեցող ռազմավարության և մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Սա սարսափելի անհեռատես քայլ է, և շատ վատ ծառայություն նրանց համար, ովքեր ճաղերի հետևում են գտնվում»,- նշել է Դալհույսենը:

Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև ուսումնասիրել նրանց նկատմամբ կիրառված բռնության մասին տեղեկությունները: Amnesty International-ը հորդորել է Բաքվին դադարեցնել իրենց քաղաքացիների նկատմամբ սպառնալիները և քրեական հետապնդումը:


© 2009 ARMENPRESS.am