Անկարայում Բերդիմուհամեդովին համոզում են գազը փոխադրել Ադրբեջանով

19:59, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եւ Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազը Կասպից ծովով Եվրոպա փոխադրելու հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքմենստանի իր պաշտոնակից Գուրբանգուլու Բերդիմուհամեդովի հետ Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով` էներգետիկ նախագծերին զուգահեռ կողմերը քննարկել են նաեւ մի շարք այլ նախագծեր:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ երկու շաբաթ առաջ Աշգաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները եւս քննարկել էին թուրքմենական գազը կառուցվելիք Անդրանատոլիական գազատարով (TANAP)` Ադրբեջանով Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրելու հետ կապված հարցեր:


© 2009 ARMENPRESS.am