ԻՊ-ն համացանցում տարածել է սիրիացի երիտասարդի ձեռքը կտրելու տեսանյութը

19:25, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» Սիրիայի Ռակկա քաղաքում կտրել է ոմն 16-ամյա երիտասարդի ձեռքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երիտասարդ մեղադրվել է գողության մեջ: Ահաբեկիչները համացանցում տեղադրել են ձեռքը կտրելու տեսանյութը, որտեղ երիտասարդի աչքերը կապված են: Մարդիկ հավաքվել են քաղաքի հրապարակում, որպեսզի ականատես լինեն դատավճռի իրականացմանը:

«Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսում սիրիական բանակի սպայի սպանության պատասխանատվությունը: Ալի Դրեվիշը և նրան ուղեկցող 2 զինծառայողները մարտի 2-ին ահաբեկչական հարձակման էին ենթարկվել Շեյխ Ռուսալան թաղամասում: Նրանց մեքենայում տեղադրվել է պայթուցիկ սարքավորում:

2012թ.-ից ի վեր սա առաջին նմանատիպ ահաբեկչական հարձակումն է մայրաքաղաքի կենտրոնում: 2012թ.-ի հուլիսին իրականացրած ահաբեկչության հետաևնքով զոհվել էր Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդա Ռաջին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:


© 2009 ARMENPRESS.am