Երևանի քաղաքապետարանը հունվար-փետրվարին աջակցություն է ցուցաբերել 21 անօթևանի

16:30, 3 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների  համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների ժամանակավոր կացարան:

Բացի այդ, հայտնաբերված 2 անօթևան տեղափոխվել է հոգեբուժական հաստատություններ, մեկը՝ ստացիոնար բժշկական գիտական կենտրոն, որտեղ բուժումը ստանալուց հետո կտեղափոխվի կացարան, մեկին հաշտեցրել են ընտանիքի հետ և վերադարձրել տուն, երկուսին բնակեցրել են ծանոթների մոտ, մեկի բնակության խնդրի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Ծրագրի առանձնահատկությունից ելնելով՝ քաղաքապետարանը համագործակցում  է ոստիկանության  և սոցիալական մասնագիտացված հաստատությունների հետ։ Ներկայում Վարդաշենում գտնվող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում գտնվում է 98 անձ, որոնցից 10-ը քրեակատարողական հիմնարկներից ազատվածներ են։


© 2009 ARMENPRESS.am