Քիմ Քաշքաշյանը Տորոնտոյում մասնակցել է Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

17:10, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտո քաղաքում մարտի 1-ին տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  «Ի հիշատակ» խորագրով համերգը կայացել է Տորոնտոյի Թագավորական կոնսերվատորիայի «Մազզոլենի» դահլիճում` հանրահայտ «Ամիչի» եռյակի և աշխարհահռչակ ալտիստ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Քիմ Քաշքաշյանի կատարմամբ:

Համերգին ներկա է եղել աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Համերգից առաջ հղած իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունից` շեշտելով մարդկության դեմ իրականացված նման ոճիրները հետագայում բացառելու անհրաժեշտությունը: 


© 2009 ARMENPRESS.am