ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը աշխատանքային այցով ՌԴ-ում է

15:32, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի հետ և քննարկել մասսայական սպորտին առնչվող հիմնահարցեր:

Նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականի հունիսին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում «Ֆիզկուլտուրային-առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվել է առաջին խորհրդակցությունը` նախկինում հայտնի «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» (ՊԱՊ) համալիրի վերականգնման նպատակով: Գ. Ղազարյանը նշել է, որ արդեն ուսումնասիրել է ռուս գործընկերների հաջող փորձը ՊԱՊ համալիրի վերականգնման գործում և շնորհակալություն է հայտնել Պ. Նովիկովին` կատարված աշխատանքների մասին ունեցած տեղեկատվություն տրամադրելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Քննարկվող հարցերի շրջանակներում անդրադարձ է եղել նաև ռուսական մարզադպրոցներում մարզաձևերի մարզումներին վերաբերող ծրագրերը Հայաստանում կիրառելու հարցին: Ի պատասխան ՌԴ սպորտի նախարարի տեղակալի խնդրանքի՝ նախարար Ղազարյանը խոստացել է ռուս գործընկերոջը ծանոթացնել մեր երկրում մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Գ. Ղազարյանը նաև ներկա է գտնվել ընդհանուր մենամարտեր մարզաձևի աշխարհի առաջնությանը, OFS վարկածով աշխարհի գավաթը հանձնել աշխարհի չեմպիոն Շամիլ Զավուրովին: 


© 2009 ARMENPRESS.am