Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդիպումների շարք է սկսել

14:56, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հանդիպումներ է նախաձեռնել՝ ներկայացնելու  ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանը ընթացքը, օրակարգը, ինչպես նաև առաջ եկող այլ հարցերին պատասխանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած Ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ բնականաբար՝ առաջ բերել բազմաթիվ հարցեր:

Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից:

Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ չի պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ: Այս եւ բազմաթիվ նմանօրինակ հարցեր են շրջանառվում համացանցում եւ հանրային շրջանակներում:

Ինչպե՞ս կարելի է աջակցել Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ այն հերթական անգամ չի հիասթափեցնի ժողովրդին ու չի ծախվի:

Այս եւ այլ հարցերին պատասխանելու համար հանդիպումների շարք ենք նախաձեռնում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում: Եթե այդ հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեք, խնդրում ենք հավանել սույն գրությունը, կամ պարզապես նամակ գրել ֆեյսբուքյան իմ էջին ու մենք Ձեզ կհրավիրենք հանդիպման»,- գրել է պատգամավորը:


© 2009 ARMENPRESS.am