Գեղարքունիքում անցկացվում են Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի միջոցառումներ

23:56, 27 Փետրվար, 2015

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում եւ մշակութային հաստատություններում ընթանում են հայ ազատագրական շարժման հայտնի գործիչ, զորավար Անդրանիկ  Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված  միջոցառումներ` գրական-երաժշտական ցերեկույթների եւ բաց դասերի տեսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, վերջին երեք օրերի ընթացքում մեծանուն զորավարի ծննդյան օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ կամ բաց դասեր են անցկացվել Գավառի թիվ 4,  Նորատուսի թիվ 3,  Սեւանի թիվ 1, թիվ 3, թիվ 4, թիվ 5 Նորաշենի հիմնական, Գեղամավանի, Լճաշենի,  Չկալովկայի, Դդմաշենի, Գագարինի,  Լուսակունքի , Ծովակի,  Նորակերտի,  Ակունքի, Վարդենիսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 2,  Լիճքի, Վարդենիկի թիվ 2, Վահանի հանրակրթական դպրոցներում: Մի շարք դպրոցներում հրատարակվել են նաեւ պատի թերթեր` նվիրված Անդրանիկի կյանքի ու գործունեության կարեւարագույն դրվագներին:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Անդրանիկ  Օզանյանի ծննդյան  150-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Վարդենիսի տարածաշրջանի դպրոցների մի մասը նախատեսել է Անդրանիկին նվիրված միջոցառումներ անցկացնել մարտ-ապրիլին, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցը՝ նոյեմբերին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից նախատեսված գլխավոր միջոցառումը  կանցկացվի  նոյեմբերի երկրորդ կեսին, Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում: 

 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am