Գալիպոլիում հաջողություն ունեցած թուրքական դիվիզիաները ջախջախվել են Սարդարապատում

18:58, 25 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն թուրքական դիվիզիաները, որոնք հաջողություն էին ունեցել Գալիպոլիի ճակատամարտում, հետագայում ջախջախվեցին Սարդարապատի ճակատամարտի ժամանակ՝ հայկական զորքերի կողմից: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Սարդարապատում կռվում էին նույն թուրքական դիվիզիաները, որոնք 1915 թ. կռվում էին նույն Գալիպոլի ճակատամարտում: Իսկ 1918թ., երբ ռուսական զորքերը հեռացան, թուրքերը տեղափոխվեցին արևելյան ճակատ և փորձեցին նվաճել Անդրկովկասը: Եվ այդ նույն Գալիպոլյան դիվիզիաները Սարդարապատի տակ նահանջեցին, փախուստի դիմեցին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Խոսելով ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների օրվա տեղափոխման մասին,  Ազգային արխիվի տնօրենը նկատեց, որ նման քայլով Թուրքիան շատ երկրների ղեկավարների դրեց «նեղ դրության» մեջ:

Գալիպոլիի ճակատամարտը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտայի երկրների նավերին մտնել Դարդանելի նեղուց: Այդ իրադարձությունները թուրքերը Չանաքքալե են անվանում: Այդ օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն, այն երբեք չի նշվել ապրիլին: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարին հայտարարեց, որ, ի թիվս 102 պետությունների ներկայացուցիչների, միջոցառումներին հրավիրում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ Նախագահը մերժել է Էրդողանի հրավերը` այլ հիմնավոր պատճառների շարքում նշելով, որ նախ պետք է պատասխանել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու Թուրքիայի Նախագահին արված իր հրավերին:


© 2009 ARMENPRESS.am