Դպրոցականին խեղդվելուց փրկած հայ երիտասարդը ՌԴ-ում պարգևատրվել է շքանշանով

17:25, 19 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալինինգրադի բնակիչ 26-ամյա Հրաչյա Գրիգորյանը ցուցաբերած հերոսության համար պարգևատվրել է ՌԴ ներքին գործերի նախարարության շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով NovostiNK.ru-ն, Գրիգորյանը սուզվող մեքենայից փրկել է 9-ամյա տղայի: Հայ երիտասարդին շքանշանը հանձնել է Ներքին գործերի նախարարության Կալինինգրադի շրջանի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Մարտինովը:

Միջադեպը տեղի է ունեցել Կալինիգրադի Պորտովոյ փողոցում գտնվող  մեքենաների շուկայում:  Այդ օրը շուկա եկած ընտանիքը հեռացել էր որոշ ժամանակովˋ դպրոցական տղային միայնակ թողնելով մեքենայի մեջ: Տղան քաշել է փոխանցման տուփի լծակը, ինչի արդյունքում մեքենան հետ է սահել և ընկել գետը: Հրաչյա Գրիգորյանը, ով միջադեպի պահին այնտեղ է եղել, փշրել է մեքենայի հետևի ապակին և երեխային հանել սուզվող մեքենայից: «Կինոյի նման էր: Եվս 40 վայրկյանˋ և մեքենան ջրի տակ կանցներ: Ձեռքիս տակ անվադող կար, որով էլ ջարդեցի մեքենայի ապակին: Եվ գոռացի տղային. «Տո'ւր ձեռքդ»»,- պատմել է Գրիգորյանը:

«Դա համարձակ քայլ էր: Դուք Ձեր քաղաքացիական պարտքն եք կատարել: Հրավիրում եմ միանալ արտահաստիքային ոստիկանների շարքերին: Մեզ նման հերոսներ են պետք»,- ամուր սեղմելով հայ երիտասարդի ձեռքըˋ նշել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Մարտինովը:

Գրիգորյանների ընտանիքը Վոլգոգրադից Կալինինգրադ է տեղափոխվել 2008 թվականին: սակայն Հրաչյա Գրիգորյանը ծնվել է Երևանում:

 


© 2009 ARMENPRESS.am