Անկարան զենքի գնումները պայմանավորել է ապրիլի 24-ով

17:50, 17 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան զենքի գնման մրցույթի արդյունքների հրապարակումն արհեստական ձգձգում է ու այն պայմանավորում Հայոց ցեղասպանության տարելիցով: Այսպիսով, Անկարան շանտաժի է ենթարկում Ֆրանսիային ու ԱՄՆ-ին` իր նենգ խաղի մեջ փորձելով ներքաշել նաև Արմուտքին: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վերաբերմունքը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նկատմամբ` պաշտոնական Անկարան միայն ապրիլի 24-ից հետո է որոշում կայացնելու մի քանի միլիարդ արժողություն ունեցող գործարքի վերաբերյալ, որով երկրի հակաօդային պաշտպանության համակարգի համար ձեռք կբերվեն զենիթահրթիռային կոմպլեքսներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Մենք համաձայնվել ենք կառավարության ղեկավարների հետ` չշտապել որոշում կայացնելու հարցում: Մինչև ապրիլի 24-ը որոշում կայացնելու մասին խոսք անգամ չի կարող գնալ»,- թուրքական լրատվականին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկը:

Թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկն էլ հավաստիացրել է, որ պետությունը նախ ցանկանում է տեսնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ինչից հետո նոր միայն գործարք կկնքի: «Մեր վերջնական որոշման հարցում կարևոր է լինելու այն, թե ինչպես են այս երկրները դիտարկում հարյուրամյակի միջոցառումները»,- ասել է նա:

Թուրքիան հակազենիթային համակարգերի կառուցման համար 2009 թվականին մրցույթ էր հայտարարել, որը 2013 թվականին հաղթել էր չինական CPMIEC ընկերությանը, ինչից հետո թուրքական պետությունը սկսել  էր զգալի ճնշումների ենթարկվել Արևմուտքի իր դաշնակիցների կողմից: Արդյունքում սկսվել էին զուգահեռ բանակցությունները արևմտյան կազմակերպությունների հետ: Նշվում է, որ ներկայում տենդերը շահելու հարցում հավակնում են ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումը և եվրոպական Eurosam կոնցեռնը:


© 2009 ARMENPRESS.am