Թուրքիայի քեմալական կուսակցությունը Ծիծեռնակաբերդի նկարով թուրքական օրացույցի հարցը կտանի մեջլիս

14:51, 31 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությանը խստորեն անհանգստացրել է Չանաքքալեի տարեդարձին նվիրված ԱԳՆ-ն կազմած օրացույցում Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկարի հայտնվելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber3.com-ը, այս մասին կուսակցության ներկայացուցիչները հայտնել են հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Քեմալական կուսակցության ներկայացուցիչներ Սերդար Սոյդանը և Ալի Սարըբաշը տեղի ունեցածն «ամոթալի» են անվանել: Սոյդանը հավելել է նաև, որ պատրաստվում է խնդիրը տանել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ:

Մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին` այն «լուրջ խնդիր» անվանելով: Սարըբաշը հայտարարել է, թե «խնդիրը պատմության տեսանկյունից լուրջ ուսումնասիրման կարիք ունի»: Եվս մեկ անգամ հիշեցնելով իրենց վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Սարըբաշն ասել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ մենք այն չենք ընդունում»:


© 2009 ARMENPRESS.am