ՀՀ Նախագահը Փերնիչեքի գործը Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման գործ չի համարում

18:27, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ ունեցած ելույթում:

«Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ` որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ՝ շեշտելով, որ նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին, այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել:


© 2009 ARMENPRESS.am