Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը
15:46, 29 Հունվար, 2015ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին բացառիկ քաղաքական զորակցության նշան էր: Իր ներկայությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ իր պաշտոնական աջակցությունն է ցուցաբերում հայերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
«Նախագահը նշեց, որ ապրիլի 24-ին լինելու է Երևանում` իր աջակցությունը հայտնելու Հայ դատին, և դիվանագիտական պատգամով կոչ արեց Թուրքիային այս տարի առերեսվել սեփական պատմական հիշողությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Փափազյան` մեջբերելով նախագահ Օլանդի խոսքը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը վստահ է, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր քայլեր կտեսնենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
«Ֆրանսիան կարող է դեր խաղալ թե´ հայ-թուրքական հարաբերությունների, թե´ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Մուրադ Փափազյանի խոսքով` երկրորդ տարին կազմակերպվող ընթրիքին ներկա է եղել 450 հյուր, որոնց թվում է եղել ֆրանսիական քաղաքական էլիտան` Ֆրանսիայի նախագահը, նախարարները, պատգամավորները, Փարիզի քաղաքապետը, Շառլ Ազնավուրը, հայտնի լրագրողներ և մտավորականներ: «Լուրջ քաղաքական բարեկամություն ունենք Ֆրանսիայի նախագահի հետ և երեկվա նախաձեռնությունը կրկին փաստեց, որ մեզ փայլուն ապագա է սպասում»,- փաստեց CCAF նախագահը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին ներկա է եղել 450 հյուր, որոնց թվում է եղել ֆրանսիական քաղաքական էլիտան:
© 2009 ARMENPRESS.am