Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման առնչությամբ հայկական զինուժում եղել են պաշտոնանկություններ

12:13, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ Զինված ուժերում անցկացվել է ծառայողական քննություն, եղել են պաշտոններից ազատումներ, մարդիկ տույժեր են ստացել: Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նախորդ տարվա կատարած աշխատանքների ամփոփիչ ասուլիսում, հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է: «Մեղքը չափից ավելի ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որը պլանային  ուսումնավարժական թռիչք է կատարել` փոքր շեղումով, այլ հակառակորդինն է, որը, խախտելով հրադադարը, խոցել է ուղղաթիռը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը` ընդգծելով, որ անահամաչափ պատասխանները հետեւում են հակառակորդի գործողություններին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի խախտումներին:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Անձնակազմի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Ադրբեջանը մի քանի օր շարունակ կրակի տակ էր պահում խոցման վայրը եւ հնարավոր չէր օդաչուների մարմինները դուրս բերել այդ գոտուց: Ադրբեջանի այդ արարքի առնչությամբ լուրջ մտահոգություն հայտնեցին միջազգային կառույցները: Հայկական զինուժը, սակայն, մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: 


© 2009 ARMENPRESS.am