Երկրի Նախագահի գործուն անջակցությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղափոխվեց նոր մասնաշենք. Վահրամ Շահինյան

20:14, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարին  առավել կարեւորվել է նրանով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ որպես օրենքով սահմանված առանձին պետական մարմին, ձեռք է բերել իրական անկախություն: Այս մասին հունվարի 26-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ծառայության պետ, արդարադատության գենարալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը

Նա  վերջին մեկ-մեկուկես տարիների կարեւոր, առանցքային ձեռքբերումներից համարեց ծառայությունում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետևողական իրականացումը, առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացած կառուցվածքային ստորաբաժանումների կազմավորումն ու դրանց կայացումը, քննչական աշխատանքի կազմակերպման կատարելագործումը, քննչական պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում առկա կարգավորումների խստագույնս կատարման ապահովումը, որոշակի տեսակի հանցագործությունների քննությանը վերաբերող քննչական մեթոդիկայի մշակումը:

 Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, կառույցի պետը խիստ կարեւորեց նաեւ 2014թ.-ին ծառայության նոր շենք տեղափոխվելու, ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հանգամանքը, ինչի համար հատուկ շնորհակալություն հայտնեց երկրի Նախագահին, քանզի նրա անմիջական աջակցության շնորհիվ է հենց լուծվել տարիներ շարունակ ձգձգվող այս հիմնախնդիրը:

Վահրամ Շահինյանը նաեւ հույս հայտնեց, որ 2015թ.-ին պահպանելով եւ զարգացնելով նախորդ տարվա ձեռքբերումները` երկրի հատուկ քննչական ծառայությունը կարող է ավելի լուրջ առաջընթաց ապահովել իր պրոֆեսիոնալ ոլորտում իրականացվող աշխատանքներում:


© 2009 ARMENPRESS.am