ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ի զորու կլինի կատարել ամենաբարդ հանցագործությունների փաստերով հարուցված քրգործերի նախաքննությունը. Վահրամ Շահինյան

20:00, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը ՀՔԾ-ի հունվարի 26-ին կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ծառայությունը պետք է լինի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական ծառայությունից, իր ելույթում Հատուկ քննչական ծառայության պետը նշել է. «Այսօր մեր որդեգրած որակների գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդոտներով լի ճանապարհը պետք է անցնենք մեր շարքերը համալրող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերով: Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ և սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»


© 2009 ARMENPRESS.am