Երբ սպառողը ժամանակին չի արձագանքում սննդամթերքի գների տատանումներին

16:03, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան սպառողական շուկայում բավական թանկացումներ արձանագրվեցին` դրամի արժեզրկման հետևանքով գնաճի և հումքի թանկացմամբ պայմանավորված: Սակայն դրամի փոխարժեքի կայունացումից հետո, գներն այնքան չիջան, որ հասնեն իրենց նախորդ մակարդակին:

Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Այդ կերպ տնտեսավարողները ցանկանում են փոխհատուցել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների ժամանակ կրած կորուստները: Սակայն դա սպառողների շահերից չի բխում»,- ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով, թանկացումների աննախադեպ աճի համար իրենց մեղավորությունն ունի նաև հայ սպառողը, ով ժամանակին չի արձագանքում սննդամթերքի գների տատանումներին: Թանկացումների ժամանակ կազմակերպությունը բողոքներ գրեթե չի ստանում: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը հորդորում է հանրությանը խնդրի դեպքում դիմել ասոցիացիաˋ այն պատշաճ կերպով կարգավորելու նպատակով:

Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի ներկայացրած տվյալներովˋ շուկայում միջինում 30-60 տոկոսով թանկացումներ են տեղի ունեցել: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ հացամթերքը թանկացել է 10-20 դրամով: Ըստ նրա, նաև մյուս ապրանքներիˋձվի, թռչնամսի, կաթնամթերքի ոչ հիմնավորված թանկացումներ են նկատվում: «Թթվասերը թանկացել է 40 տոկոսով»,- հայտնեց Ռուբեն Հայթյանը: 


© 2009 ARMENPRESS.am