Սերգո Կարապետյանը իսրայելական ընկերությանն առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն

15:40, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հունվարի 26-ին, ընդունել է իսրայելական «Նետաֆիմ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորել է կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Գայ Բարնեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերության տարածաշրջանային ղեկավարի խոսքով` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն իրացնելու համար անհրաժեշտ է կատարել մանրամասն և խորը վերլուծություններ:

Ընկերությունն աշխարհի ավելի քան 110 երկրում իրականացնում է գյուղատնտեսական ծրագրեր և հատկապես մասնագիտացված է ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման, ջերմոցային տնտեսությունների պատրաստման ու շահագործման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման հարցերում: Այն Հայաստանում արդեն իսկ իրականացրել է կաթիլային համակարգի ներդրման ծրագրեր:

Նշելով, որ կաթիլային համակարգի ներդրումը Հայաստանում ունի խիստ կարևոր նշանակություն` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ոչ միայն ներդնել իսրայելական արտադրության սարքեր և սարքավորումներ, այլև Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն: «Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար առաջարկում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել երկկողմ համագործակցության ծրագրային կոնկրետ առաջարկություններ, ինչպես նաև ծրագրերի ֆինանսական ներդրումները և ֆինանսավորման պայմանները`  հետագա քննարկումներ կազմակերպելու համար», - ամփոփելով հանդիպումը` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:


© 2009 ARMENPRESS.am