Ֆինանսական հաշտարարին ամենաշատը դիմում են ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներով

10:44, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված բողոքների հիմնական մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հաշտարարի գրասենյակից, 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում քննության ընդունված 346 բողոքներից 272-ը վերաբերել են ապահովագրական ընկերություններին: Ընդ որում, դրա զգալի մասը վերաբերել է ավտոապահովագրությանը, և ավելի փոքր թիվ են կազմել բժշկական, տուրիստական, գույքի ապահովագրությանը վերաբերող բողոքները:

Բանկերի դեմ ուղղված բողոքները 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին եղել են 66-ը: Դրանցից 33-ը վերաբերել են վարկային գործարքներին, իսկ մյուս բողոքները ավանդների, վճարահաշվարկային և այլ գործորքներին: Վարկային կոզմակերպությունների դեմ հաշտարարի գրասենյակը ստացել է 2 դիմում, իսկ գրավատների դեմ բողոքներ չեն ստացվել:

Հաշտարարի գրասենյակը հոկտեմբեր-դեկտեմբերի ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 1100 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 930-ն են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 930 բողոքներից 169-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել  քննության հաշտարարի կողմից: Հաշտարարի քննությանը ենթակա 761 բողոքներից 346-ն ընդունվել են քննության:


© 2009 ARMENPRESS.am