«Արմենպրես»-ն արժանացավ «Գրական սըր» մրցանակին

22:50, 24 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրքն ու գրականությունը լավագույնս լուսաբանելու համար «Արմենպրես» լրատվական գործակալությունն արժանացավ  «Գրական սըր» մրցանակին: Լավագույն լուսաբանման համար մրցանակ ստացավ նաև գործակալության թղթակիցը: «ՆոբելՅան մրցանակաբաշխության» կազմակերպիչներն էին «Անտարես» մեդիա հոլդինգը  և «Գրանիշ» գրական ակումբը: «Անտարես»-ի գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ կարևորելով մեր երկրում գրականության զարգացումը, գրականությունն ընթերցողին մերձեցնելու հանգամանքը՝ արդեն երրորդ տարին «Անտարես»-ը և «Գրանիշ»-ը կազմակերպում են նման մրցանակաբաշխություն: «Մրցանակներին արժանանանում են գրքին, գրականությանը և հայ գրողներին լավագույնս անդրադարձած լրատվամիջոցները և անհատ լրագրողները: «Արմենպրես» լրատվական գործակալությունը վերջին երկու տարիներին շատ կարևոր գործ է անում գիրքը և հատկապես նոր հրատարակություններն ընթերցողին հասանելի դարձնելու համար: Նրանք ունեն մի շատ հաջողված նախագիծ, որը կոչվում է «Երևանյան բեսթսելեր» և մեծ արձագանք ունի ընթերցողների շրջանում: Այդ շարքը համալրվեց նաև «Նոր գիրք» նախագծով»,-նշեց նա՝ մրցանակը հանձնելով գործակալության տնօրեն Արամ Անանյանին:

Մրցանակների արժանացան նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ լրագրողներ: Իրադարձության ընթացքում տեղի ունեցավ նաև Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույս ընծայված Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» (թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի) և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» (թարգմանությունը՝ Կարլեն Մատինյանի) հանրահայտ գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 

«Արմենպրես» լրատվական գործակալությունն իրականացնում է գրքին և գրականությանը նվիրված մի շարք նախագծեր՝ «Երևանյան բեսթսելեր», «Մանկական բեթսելեր», «Նոր գիրք»: Նախագծերի միջոցով գործակալությունը փորձում է նպաստել ընթերցանության տարածմանը և ընթերցողների շրջանում ամրապնդել սերը գրքի նկատմամբ:  


© 2009 ARMENPRESS.am