Բակո Սահակյանի մոտ քննարկվել են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

17:37, 22 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ու դատապարտումը հայության առջեւ ծառացած քաղաքական, իրավական եւ բարոյական նշանակություն ունեցող կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ անցկացնել ողջ տարվա ընթացքում:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  


© 2009 ARMENPRESS.am