ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահները քննարկում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը

12:22, 20 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի այցի ընթացքում քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ Բաստրիկինը Հայաստան է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով, այցը աշխատանքային է, երկօրյա: «Այցը խիստ աշխատանքային բնույթ է կրում եւ կոնկրետ առաքելություն կա, քննարկումներն են շատ կարեւոր»,- ասաց Տռուզյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է։ Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


© 2009 ARMENPRESS.am