«Նասդաք Արմենիան» և ՀՊՏՀ-ն ամրապնդում են համագործակցությունը

18:24, 26 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Նասդաք Արմենիան» կնքել են համագործակցության հուշագիր` միտված արժեթղթերի շուկայի մասնագիտացման կրթական ծրագրերի կատարելագործմանն ու իրականացմանը: Համաձայն հուշագրի`  ֆոնդային բորսան և տնտեսագիտական համալսարանը  համատեղ կկազմակերպեն և կիրականացնել գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներ:

Նախատեսվում է համատեղ մշակել և կազմել արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, ինչպես նաև ընտրել մագիստրոսական թեզերի թեմաներ, որոնք պետք է համապատասխանեն «Նասդաք Արմենիայի» կողմից շրջանավարտներին առաջարկվող աշխատանքի բնույթին:

ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշագրի վերաբերյալ նշել է, որ բուհի հիմնական առաքելությունը որակյալ կրթության ապահովումն է: «Բազմիցս ասվել է, որ առանց գործատուների հետ համագործակցելու՝ բուհը պարզապես որակյալ կրթություն ապահովել չի կարող»,- պարզաբանել է նա: «Նասդաք Արմենիայի»  գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը հավելել է, որ հուշագրի պաշտոնական ստորագրումն, ըստ էության, ամփոփում է այն համագործակցությունը, որն արդեն առկա էր երկու կողմերի միջև:


© 2009 ARMENPRESS.am